Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

«Խառնակչի նամակները»

«Խառնակչի նամակները»
09.10.2025 | 10:37

Լույս է տեսել «Հուն» մատենաշարի երրորդ գիրքը։

Այս անգամ ևս «Հուն»-ը չի հիասթափեցրել. ընտրությունը ոչ միայն լավն է, այլև խիստ արդիական։

Հավատացնում եմ՝ երբ բացեք Քլայվ Լուիսի «Խառնակիչի նամակները» գրքի որևէ էջ և ծանոթանաք մարդկանց գայթակղելու կենցաղային կամ փիլիսոփայական նրբությունների տվյալ չափաբաժնին, ապա չեք խուսափի այն մտքից, որ գիրքը գրված է օրեր առաջ՝ դիմացի շենքում, այլ ոչ թե 75 տարի առաջ՝ պատերազմական Լոնդոնում։ Այդ միտքն է՛լ ավելի սուր է դառնում Սարգիս Մելքոնյանի առաջաբանն ընթերցելիս։

Կրտսեր դևին՝ Գարշուկին հասցեագրված ավագ դևի 31 նամակները սյուժետային հետաքրքիր շարք են կազմում։ Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրը նաև մի ավարտուն գործ է, որը ձեզ կզարմացնի իր խորաթափանցությամբ, կուրախացնի նուրբ հումորով, բայց և կտխրեցնի։ Կտխրեցնի, որովհետև դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչպես է աշխատում մարդկանց հիմարացնելու, կամազրկելու, բարոյապես ոչնչացնելու դիվական համակարգը։ Կհասկանաք, որ ինչ-որ պահի ինչ-որ հարցով դու՛ք էլ եք դրան տրվել։

Օրինակ, ես մի սարսափելի դեժավյու ապրեցի։

Հիշեցի, թե 2018 թվին Մոնթեի կերպարն ընդունած «հեղափոխականը» ինչպես էր կարողացել իմ սրտում վստահության մի փոքր օջախ ստեղծել։ Հիշեցի, թե ինչպես անսպասելիորեն հասկացա այդ արհեստածին վստահության նենգ պատճառը՝ Հերոսի ծանոթ կերպարն ընդունելը։

Հիշեցի նաև, թե ինչպես մի ցավագին միտք անմիջապես անցավ գլխովս ու շտապ հեռացավ.

«Հերոսին այսպես ստորաբար կապկողը մի օր անխուսափելիորեն ուրանալու է նրա ողջ արյունն էլ, նրա ողջ արած-դրածն էլ»։

Հաստատ դու էլ քո՛ դեժավյուներն ես ունենալու «Խառնակչի նամակներն» ընթերցելիս։

Գուցե նաև ունենաս կարևոր հարցերի շուրջ խորհելու առիթ ու գուցե նաև ունենաս մտածելակերպի, գործելակերպի, կենսակերպի մի փոքր փոփոխություն։ Կամ մեծ։ Ո՞վ գիտի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ. Քլայվ Սթեյփլս Լուիսի «Խառնակչի նամակներ»-ը լույս է տեսել քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի մեկենասությամբ։

Դիտվել է՝ 3067

Մեկնաբանություններ